ՄԵԴԻՏԱՑԻԱՆԵՐ ՄԵԾ ԼԵՌԱՆ ՍՏՈՐՈՏԻՆ
Վիթխարի բիբլիական լեռը հուլիսյան տապահալած չոր օդում մեկ մոտենում է, մեկ հեռանում… Օդն ասես գունավորված է ամառային արևի թեթև դեղնությամբ, և ստվերի թրթիռն անտեսանելի է, բայց և ցանկալի յուրաքանչյուրի համար: Տարածական ծավալների այդպիսի տեղաշարժն այստեղ հաճախ է պատահում: Դրան ընտել է անցորդի սովորական աչքը Էջմիածնի յուրաքանչյուր բնակչի, որ Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Ի դեպ, քաղաքն, ահա, արդեն 1710 տարի է, որ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է:
Ամառ է: Շոգը կախված է Արարատյան դաշտավայրի վրա, հանց անկշիռ և կախարդական գունդ: Արեգակի օքրայագույն սկավառակը ձուլվում է ցորենի դաշտերին, փոքրիկ բացատների արևախանձ խոտին, ուր թաքչել են դաշտային ծաղիկները և ուր հաճախ էտյուդի է գալիս հայ նկարիչ Ներսես Մելիքյանը: Այս ամենը ես ասում եմ լոկ այն նպատակի համար, որպեսզի մենք ձեզ հետ կարողանանք մտնել նրա գեղանկարչական աշխարհը, նրա առօրյա կյանքը, և այնուհետև հասկանանք նրա ջանքը գեղարվեստական ձևի, գույնի, պլաստիկ լեզվի փոխակերպման մեջ… ժամանակակից արվեստը, և, մասնավորապես, գեղանկարչությունը, 21-րդ դարի երկրորդ տասնամյակում նախորդ ուղղությունների նոր համակցումների որոնումներում է’ նորագույն համաշխարհային գեղագիտական սինթեզում: Այսօրվա լճացումը, երևելի անհատների բացակայությունը, ստիպում է մեծ և փոքր ազգային մշակույթներին սևեռված հետազոտել անցյալը, և այնուհետև էքսպերիմենտներ անել’ 20- րդ դարի բեկորներից նոր գեղարվեստական աշխարհ արարելով: Հենց արարելով, այլ ոչ թե քայքայելով: Դա այսօրվա, դե նաև վաղվա միտումն է: Եվ այդ համատեքստում ինձ հետաքրքիր է տեսնել արվեստագետների մի ողջ համաստեղություն, այդ թվում և Երևանում, որը փնտրում է իրեն ոճական սինթեզի զանազան զուգակցումներում: Եվ ոչ միայն:
Ներսես Մելիքյանի գեղարվեստական փորձը հետաքրքիր է այն բանով, որ նրա ստեղծագործության յուրաքանչյուր շրջանը, որպես առանձին վերցրած լոկալ աշխարհ, ոչ մի կերպ կապված չէ նախորդին: Բավական երկար ճանապարհը ֆիգուրատիվ գեղանկարչության մեջ ունի մի շարք յուրահատուկ շրջադարձեր և դյուրազգաց տարածություններ, որոնք ի վերջո հանգեցրին մի կարճ ընթացքի և վերացարկման, որպես շատ իմպուլսիվ և հոգեբանորեն սրված բնակության միջավայր: Այդպիսին էր նրա հոգեվիճակը, նրա ոչ հեշտ ելքը գեղանկարչության աշխարհ:
Բնութագրելով նրան որպես մարդու, կարելի է ասել, որ նա չի ձգտում էքսպերիմենտներ անող հայ արվեստագետների հիմնական խմբի առջևում լինել: Ներսեսը ոչ միայն բնույթով հանդարտ է, այլ նաև համեստ է և զուսպ: Նա կարողանում է վերլուծել ազգային մշակույթի իրականությունը, լինելով ոչ միայն հետաքրքիր արվեստագետ, այլ նաև նոր շրջանի կայուն կոլեկցիոներներից մեկը: Նա հիանալիորեն տեղեկացված է արևմտյան արվեստի մասին: Ես այս ամենը գրում եմ սոսկ այն բանի համար, որպեսզի ցույց տամ, թե որչափ ոչ հասարակ տեսակետից է նա մուտք դրել 21-րդ դարի երկրորդ տասնամյակ:
Այսպիսով, դիտարկենք ներկա օրով նկարչի էվոլյուցիայի ընդհանրական միտումը: Ներկապնակն առավել պայծառ ու օդեղեն է դարձել: Նկարչի աչքը ընտրում է հասարակ բաները, և սյուժեի կամ իրավիճակի բնականությունը, նկարի, որպես գեղարվեստական ստեղծագործության, հոգեբանական վիճակը դարձնում են Ն. Մելիքյանի գեղանկարչությունը ոչ միայն առավել հասանելի հասարակության լայն շերտերի համար, այլև բավականաչափ հասկանալի և հետաքրքիր: Դրան է հավելվում մտքի թվացյալ պարզությունը, ինչն ի դեպ քչախոս երկխոսության ձև է ստանում: Նա մաներային չէ, թեպետ և մոտ է Ար նուվոյին կամ ՆԱԲ-Ի խմբի պոստիմպրեսիոնիստական գեղանկարչությանը: Նա այսօր շարժվում է պարզ փոխաբերությունների տարածության ազատ զուգորդումների ուղղությամբ: Միաժամանակ նա ուշադրություն է դարձնում նկարելաեղանակի և գույնի կուլտուրայի վրա, յուրովի իմաստավորելով ֆրանսիացի նկարիչների այդ փոքրիկ խումբը: Մասնավորաբար, նրան հոգեհարազատ է, ասենք, Պ. Բոննարի նկարելաեղանակն ու դեկորատիվությունը: Սակայն, ի տարբերություն ֆրանսիացի վարպետների բնազանցական վարժանքների, ուր առկա է սիմվոլիկ- սպիրիտուալիստական բաղադրիչը, հայ նկարչի մոտ ծնվում են հուզիչ պոետիկ պատմություններ մարդու աշխարհի մասին’ համաշխարհային տեղեկատվական ճնշման վիթխարի բեռնվածության շրջանում, ուր ժամանակագրության կամ հենց պահի փաստը վերացնում է ինքնին անհատի բնույթի ըմբռնումը, դարձնելով մարդուն մանեկեն: Բայց Ներսեսի և ՆԱԲ-ի միջև կա և ինչ-որ ընդհանրություն’ արվեստի սինթեզի ձգտումը:
Այսպես հայ նկարչի որոշ աշխատանքներ ընկալվում են որպես նկարներ, օրինակ’ դեկորատիվ առաջակալների, բուխարիների կամ գործվածքների համար: Նա առավել շուտ ,քան կգիտակցեր, լիովին նրբազգաց է բարդ և հակասական աշխարհում մարդու զգացումների հանդեպ: Բայց այժմ Ներսեսը շարժվում է առ իմացության խորքը, և դա ակնհայտորեն արտացոլվում է նրա ստեղծագործության մեջ հանդարտ, անփութկոտ: Նա իմաստավորում է նրբին մարդկային վիճակները, ուր իրեն հաճելի է ունկնդրել լռությունը կամ լինել բնության հետ ներդաշն հավասարակշռության մեջ: Մյուս կողմից նա ոճական և գեղագիտական կոնցեպցիաների ողջ բազմակերպությունից, որոնք նույնիսկ համաշխարհային մասշտաբով չունեն ստույգ կողմնորոշիչներ, ընտրում է շատ մարդկային, մեղմաձայն երկխոսությունը: Այդպիսին է: Այդպիսին է, վերջերս կյանքից հեռացած ընկերոջը, տաղանդավոր նկարիչ Այվազին նվիրված գեղանկարչական աշխատանքը: Աշխատանքը հետաքրքիր է այն բանով, որ դրանում չկա ոչ հոգեբանական խզում, ոչ մերկացած նյարդեր, ոչ էլ ողբերգության արտաքին հատկանիշներ… Նկարում առկա է լռությունն ու կենտրոնացումը, պայծառ հիշողությունների թեթև տրտմությունը: Իսկ այս ամենը միասին հենց ինքը Ներսեսն է’ մարդկային հարաբերությունների, և հենց կյանքի հանդիման պատասխանատվության մեծ չափով: Նկարը շնչում է ճշմարիտ տղամարդկային ընկերությանն այնքան բնորոշ հանդարտավետ վստահությամբ: Երաժշտականությունը նրա նոր գեղանկարչական եղանակի հիմնական բնութագիրներից մեկն է: Երաժշտությունը նկարներից յուրաքանչյուրի բովանդակության մասն է կազմում և գեղանկարչությունը դարձնում է առավել մոտ հանդիսատեսի համար, առավել մտերմիկ: Ես նույնիսկ կասեի, որ երաժշտությունը տեսանելի է նրա ստեղծագործության մեջ: Պարզ և անպաճույճ, ինչպես սրինգը կամ մարդկային ձայնը տաճարի գմբեթի ներքո: Ի դեպ, նրա գեղանակարչության այդ մտերմիկությունը շատ բանով նրա մարդկային բնույթի ենթագիտակցական բարությունից է: Այո, Ներսեսը չի թաքցնում ոչ իր բարությունը, ոչ իր միամտությունը, ոչ էլ իր ռացիոնալ վերլուծությունը: Ն. Մելիքյանի գեղարվեստական փորձը հետաքրքիր է այն մասում, որ նա իրեն առաջին պլան չի մղում, իր որոնումը համարելով միակ հնարավորը, այլ մանրակրկիտորեն ճանաչում է ինքն իրեն այս աշխարհում: Նա այսօր աշխատում է հիմնականում գույնի և ռիթմի ժլատ միջոցներով’ գիտակցորեն սահմանափակելով իրեն սեփական գեղանկարչության մեջ: Ահա երկնակեսն իր մեջ ներառած ծառի մեղմանդորր սաղարթամասը, ահա տերևի տարածությունը, ահա նրբաճաշակ դափնեվարդը, ահա մրգերով նատյուրմորտ հիշեղնող ինչ-որ բան… Եվ այստեղ ես կուզենայի հիշեցնել, որ խլացված օքրայի կամ կանաչավունի բարդ համակցումները իրենց զուգորդումներն ունեն մետաֆիզիկի’ երևելի իտալացի գեղանկարիչ Ջորջո Մորանդիի ստեղծագործության մեջ, ում նատյուրմորտները, հնարավոր է, ինչ-որ կերպ ներշնչել կամ բեկվել են հայ նկարչի նկարներում:
Ներսեսն ավելի պարզ է, բայց ոչ պարզունակ: Այսպես’ ծառի բարալիկ բունը ասես պահում է երկնակամարը, նշագծելով հորիզոնը որպես կոորդինատների սկիզբ: Եվ այդպիսի նկարները տառացիորեն մի ողջ շարք է: Եվ այլացուներն արդարացված են: Գեղանկարչական կտավներն իրենց հիմքն ունեն’ արվեստագետը ձգտում է հասկանալ կենդանի բնության ճարտարակերտությունը, նրա երաժշտականությունը, ծավալայնությունն ու ծառի ձևի ներդաշնակ համաչափությունը: Դա ծառի սիմվոլն է, այլ ոչ թե իրական ծառը, դա երկնքի սիմվոլն է, այլ ոչ թե իրական երկինքը, դա սիրո և մենության սիմվոլն է, այլ ոչ թե կենաց իրական իրավիճակները: Եվ դրանով նա, Ներսես Մելիքյանը հետաքրքիր է ընդմեջ իր աղմկոտ ժամանակակիցների, քանզի նա հոգատար է վերաբերվում մարդուն: Նրա համար կարևոր է հուշել մի այնպիսի բան, ոչ ժամանակակիցը հեռանա մենությունից, ողբերգականից և մոտենա դեպի մեղմիկ և սրտալի զրույցը:
Հայ նկարիչն այսօր ներկայանում է հենց այդ նկար-մեդիտացիաների շարքով, ժամանակակցին հեռացնելով ինստալիացիաների կոնստրուկցիաների կոպտությունից, վիդեոարտի սևեռուն անողոք ռեպորտաժային կադրից կամ փերֆորմանսի քայքայիչ Փոխաբերությունից:
Հնարավոր է, հենց այդտեղ է նոր ալիքի գեղարվեստական որոնման ակտուալությունը, որն ավելի մոտ է ջերմ մարդկային զգացողությանը, քան նախորդ տասնամյակը, ուր իշխում էր ժամանակագրությունն’ իրականության քիչ հետաքրքրական Փնտրտուքներով: Եվ սա հետաքրքիր գեղարվեստական որոնում է, փորձ’ արդի էքսպերիմենտներով, ավանդույթներով հարուստ հայկական գեղանկարչության մեջ: Սակայն յուրաքանչյուր արվեստագետ ընկղմվում է սինթեզի էքսպերիմենտի մեջ իր բնավորությամբ, իր գիտելիքներով և իր աշխարհընկալմամբ, խորհրդածությունների և հոգեկան ջերմության իր բեռով:
Ցուցահանդեսում և մեր կատալոգում ներկայացված գեղանկարները’ դա վերջին երկու տարվա գործերն են (2010 – 2011թ.), Ներսես Մելիքյանի ջանադիր ու ոգեշնչված աշխատանքի արգասիքը: Եվ մեր ժամանակակցի կենսագրության այդ հետաքրքիր էջը բաց է, քանզի ինչպիսին կլինի շարունակությունը’ գաղտնիք է մնում: Եվ հենց այդտեղ է նրա գեղարվեստական որոնման անկեղծությունը:
Ռուբեն Անգալադյան
Երևան, Օգոստոս 2011
ՆԻԳԳԼԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՐ ԿԱՐ
Նիգգլի արվեստանոցում մի քանի նկար կար:
Սրանք բոլորն էլ խոշոր էին և չափից ավելի խորիմաստ, ու բացահայտ՝ իրենց փոքրիկ հեղինակի ուժերից վեր էին: Կան, չէ՞, այնպիսի նկարիչներ, ում տերևներն ավելի շատ են հաջողվում, քան ինքը՝ ծառը: …Բայց Նիգգլի ուզածն ամբողջակա՛ն ծառ նկարելն էր, մի հսկա ծառ՝ բազում տերևով, որոնք իրար նման լինեն, բայց և այնպես՝ տարբերվեն, որ ամեն մի տերևի գեղեցկությունը լինի անկրկնելի:
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին.
«Ծառը և տերևը»
Թոլքինի հեքիաթի նկարիչ հերոսը, ինչպես որ վայել է իսկական մոդեռնիստ նկարչին, ձգտում է իդեալական ծառ նկարելուն: Հերոսի հիմնական խնդիրը հետևյալն է. ինչպե՞ս ապրի իդեալներով, երբ դաժան իրականությունը ստիպում է, որ ինքը ենթարկվի հոգսերի ու պարտականությունների բռնությանը, ինչն ստիպում է, որ հրաժարվի արվեստից: Թոլքինի մյուս հերոսը Փերիշն է, ով ապրում է կյանքի թելադրանքով, ինչի խորհրդանիշը իր այգին է, բայց ապրում է առանց իդեալների: Ապրելով կյանքի բռնի թելադրանքով, սա է՛լ խնդիրներ ունի: Սրա տունը փլվում է, ու սա է՛լ է հոգսերի և պարտականությունների թելադրանքի խորհրդանիշ:
Թոլքինը այս երկվությանը լուծելու փորձ է անում, ու նկարը դառնում է կյանք, դառնում է այգի, իսկ Փերիշի այգին դառնում է մի իրագործված իդեալական այգի: Թե՛ այգին, այսինքն՝ կյանքի խորհրդանիշը, թե՛ նկարը՝ այդ իդեալական ծառը, ոչնչանում են իրականության քայքայող ազդեցությամբ, ու սրանցից միայն դրվագներ են մնում:
Մեզ համար կարևորն այն հանգամանքն է, որ Նիգգլը ծա՛ռ է նկարում, ծա՛ռ, ինչը կյանքի խորհրդանիշն է: Այս ծառն իդեալների աշխարհը կապում է կյանքին ու, բացի սրանից, Թոլքինի հեքիաթում սա արարչության խորհրդանիշն է, ինչը հակադրված է ստեղծագործությանը: Առաջինը բնական է, երկրորդը՝ արհեստական: Ստեղծագործելիս արվեստագետը ձև է տալիս իր ունեցած նյութին, և արարչությունը, ավելի շուտ, ծնո՛ւնդ է: Սա իդեալական արվեստագետ Նիգգլի՛ խորհրդանիշն է, որովհետև սրանք նույնացել են:
Ներսես Մելիքյանի և Թոլքինի հերոսների միջև կա զգալի նմանություն՝ երկուսն էլ ծա՛ռ են նկարում, երկուսն էլ աշխատում են կենտրոնացած: Կարծում եմ, որ այն ամենը, ինչն արդեն ասվեց ծառի խորհրդանիշի մասին, հիմնականում ճիշտ է նաև Ներսեսի՛ արվեստի համար: Ներսեսի «Սկիզբ», «Ծնունդ», «Երկինք և երկիր», «Էրոս» կտավների զուգադրությունը ծառերի շարքի հետ վկայում է, որ արվեստագետը ծառերի մեջ
արարչությա՛ն խորհուրդն է տեսել:
Ներսեսի կտավները շատ պարզ կոմպոզիցիա ունեն. բարակ ցողունի վրա պայմանական կլորավուն մեծ սաղարթն է, իր նույնքան պայմանական կլորավուն տերևներով: Ներսեսի ծառերը կլոր են, որովհետև իրենք իրենց վրա կենտրոնացած մի էություն են: Մեկուսին, առհասարակ, շրջանի՛ ձև է ընդունում:
Ներսեսի ծառերի գույները զուսպ են: Սրանք դարչնագույնի, օքրայի ու կանաչի նրբագույն երանգներ են, որոնք ստիպում են հանդիսատեսին, որ լարի իր տեսողությունը, կենտրոնացնի իր ուշադրությունը, ինչպես մեդիտացիայի ժամանակ: Կտավները հանդիսավոր են, ու ասես կրոնական արարողություն լինեն, բայց սա դրանց բանաստեղծական էությունից է:
Համաշխարհային արվեստի պատմության մեջ հայտնի է, որ նկարիչները ծառերին հաճախ են անդրադարձել, բայց ամենահայտնի շարքի հեղինակը Փիթ Մոնդրիանն է, որը նա արել է 1908-1912 թթ.: Ծառերը կարևոր դեր են խաղացել նրա ստեղծագործական կենսագրության մեջ, որպես նախապատրաստություն իր երկրաչափական աբստրակցիայի շրջանի համար: Նրա համար ծառ պատկերելը նշանակում էր աշխարհի ունիվերսալ կառուցվածքը գտնել:
Մոնդրիանը հրապուրված էր ճյուղերի բարդ խաղով, ինչը նա հետո պատկերում է կուբիստական, իսկ հետո էլ՝ ավելի վերացական մի ոճով: Համադրելով Մոնդրիանի նկարները Ներսեսի նկարների հետ, զգալի ընդհանրություն ենք գտնում, ընդհուպ մինչև անվանումները: Բայց հիմնականը այն հանգամանքն է, որ երկուսն էլ ձգտում են ծառի միջոցով աշխարհի ունիվերսալ կառուցվածքը արտահայտելուն:
Այսքանով նրանց ընդհանրությունը վերջանում է: Մոնդրիանը վախենում է բնությունից, կանաչ գույնից, սաղարթից ու ծաղիկներից: Մոնդրիանի համար ծառը, որպես երևույթ, ընդգրկում է տիեզերքի համընդհանուր օրենքը, ինչպես սաղարթն է ընդգրկում ճյուղերը: Մոնդրիանը գրում է, թե «բնության ողբերգությունը հենց իր նյութականության մեջ է, ու թե բնությունն իրեն պլաստիկ ձևով արտահայտում է բնական գույներով և ձևերով, … արտահայտում է՝ կորությամբ ու անկայուն և անկանոն մակերեսներով»:
Հակառակը, Ներսեսը ծառի էությունը տեսնում է սաղարթի, կորավուն և կլորավուն ձևերի մեջ, ու հաճախ դիմում է կանաչի երագներին՝ չվախենալով սաղարթից ու ծաղիկներից (հանուն արդարության՝ ասենք, որ Փիթ Մոնդրիանն էլ ծաղիկների մի շարք ունի): Փիթ Մոնդրիանի ներշնչանքի տեսական աղբյուրը թեոսոֆիա՛ն է, Ներսեսի մոտ իշխում է բանաստեղծակա՛ն սկիզբը:
Հնարավո՞ր է, որ բանաստեղծությունը բացատրվի: Այդպիսի բացատրություններ չկան: Մի հրաշալի բանաստեղծության բացատրությունը մեկ այլ ու նույնքան հրաշալի բանաստեղծությունն է: Ներսեսի կտավները «տեսնելու» և հասկանալու համար պիտի ծառը տեսնես ու հասկանաս բանաստեղծակա՛ն, և ոչ թե թվացյալ տարածության մեջ:
Միայն այսպես է հնարավոր, որ Ներսեսի կտավներն ընկալվեն, միայն այսպես է հնարավոր, որ բանաստեղծությունն ընկալվի, ընկալվի ա՛յն բանաստեղծությունը, ինչը չի ստեղծվում, այլ աճում է հոգևոր տարածության մեջ: Ծառը, որպես արքետիպ, բացատրում է, թե ինչպես է արարվում թե՛ բանաստեղծությունը, թե՛ բանաստեղծական կտավը: Ի՝նչ է ծառը բանաստեղծական ներքին տարածությունում: Հայ բանաստեղծ Տիրան Չրաքյանը այն եզակիներից է, ով տեսել է ծառը հենց ներքին, բանաստեղծական տարածությունում: Մի բանաստեղծության մեջ նա գրում է.
Ո՜վ մշտակոթող, խուռն ու սեւ նոճիք՝
Որ փոսերուն վրայ կեանքին վաղագրաւ,
Բոլոր այն խանդով, զոր մահն ի ձեզ դրաւ,
Դէպի վերամբարձ Անհունը կհաճիք:
Իսկ Ռիլկեն գրում է.
Ուզո՞ւմ ես, ծառըդ շնչի լիաթոք ու կյանքով լեցուն,
Օժտիր քո ծառին ներքին տարածքով,
Հենց ա՛յն տարածքով, որ կեցությունն է քո՛ իսկ, սեփակա՛ն:
Մարդն աճում է վե՛ր, ինչպես որ ծա՛ռն է աճում վեր, ու ծառի պես էլ տապալվում է ցած: Մարդը չի ընկնում, այլ ծառի պես տապալվում է: Մարդն զգում է իր հոգևոր հարազատությունը ծառերի հետ, որովհետև սրանց հետ կիսում է իր կեցության մենությունը: Մարդը իր անզորությունը կիսում է ծառերի հետ, երբ սրանք «պարզում են իրենց ձեռքերը՝ ամպերը քնքուշ համբուրելու համար»:
Ծառերը նաև մեր սփոփանքն են: Մարինա Ցվետաևան գրում է.
Ծառեր, ձեզ եմ գալիս,
Որ փրկվեմ
Գոռգոռոցից շուկայի:
Սլացքը ձեր ուղղաձիգ…
Շնչառությո՛ւնն է սրտիս:
Մարդը ոչ միայն իր անզորությունն է կիսում ծառերի հետ, այլև իր հոգևոր ուժը հենց ծառերի՛ մեջ է տեսնում: Ծառը այնպիսի ուժ է, ինչը երկրային կյանքը տանում, հասցնում է երկինք: Նիկոլայ Գումիլյովը իր «Ծառեր» բանաստեղծության մեջ գրում է.
Ես գիտեմ, որ վեհությունը կատարյալ կյանքի
Տրված է հենց ծառերի՛ն, և ոչ թե մեզ:
Երբ մարդը տեսնում է ծառի ներքին էությունը, միանում է ծառին ու աճում: Բարձր ծառերի հետ մարդն էլ է դառնում հոգով բարձր: Մեկ այլ տեղ Ռիլկեն գրում է.
Մեր միջով սլանում են
թռչունները լուռ:
Իսկ ես, աճելու ցանկությամբ լեցուն,
Նայում եմ դուրս, ու ծառն է աճում իմ մեջ:
Ծառը տեսնելու համար, պետք է ներքո՛ւստ աճես ու բարձրանաս, հասնես դրանց սաղարթներին: Ֆրանսիական փիլիսոփա Գաստոն Բաշլյարը գրել է, որ ծառի ֆունկցիաներից մեկը «թռչող բաներ», այսինքն, տերևներ տալն է: Ծառերի կախարդանքը հենց ա՛յն հանգամանքն է, որ դրանք ոչ միայն թռչող տերևներ են տալիս, այլ թռչունների համար բույն են, քանզի ամեն մի թռչող հոգի ծառի ճյուղերի վրա հանգրվանելու հնար ունի:
Ներսեսը մի կտավ ունի՝ «Էջմիածնի նկարիչների տոհմածառը», որտեղ իր ընկեր նկարիչների անունները թռչունների պես թառել են կեցության ծառի ճյուղերին: Չէ որ հոգին թռչուն է, ով իր հանգստությունը գտնում է կեցության սաղարթներում: Կյանքը անմահ է, որովհետև հոգի՛ն է անմահ, ու ամեն մի կյանք՝ մի ուրիշ կյանք է ծնում: Հենց հոգի՛ն է, որ մի ուրիշ կյանք է ծնունդ տալիս: Եվ ոչ միայն կենսաբանական կյանք, այլ սա կյանք է տալիս նաև արվեստի՛ն ու պոեզիայի՛ն:
Ներսեսի ծառերը և՛ նման են, և՛ տարբեր: Ահա Ներսեսի «Կեչի», «Ձիթենի», «Ոսկե ծառ», «Բևեռային ծառ», «Մոխրագույն ծառ» և այլ նկարների ծառերը: Սրանք թե՛ նման են իրար, թե՛ իրարից տարբեր են, ու այս ծառերից ամեն մեկն իր անկրկնելի խորհուրդն է կրում:
Օրինակ՝ ձիթենին հաղթանակի ու խաղաղության խորհրդանիշն է, ինչպես և ա՛յն խնդության խորհրդանիշը, ինչն ուղեկցում է հաղթանակին ու խաղաղությանը: Սա նաև առատության ու պտղաբերության խորհրդանիշն է՝ իր յուղաբեր պտուղների համար, միաժամանակ նաև մաքրության ու կուսության խորհրդանիշն է և, ի վերջո, սա խորհրդանշում է անմահությունը:
Իսկ կեչին լույսի, պատրանքի ու կանացիության խորհրդանիշն է: Սա, ինչպես և սոսին, հայկական տրադիցիայի մեջ նախասկի՛զբն է ծառի, մա՛յրն է «ծառության»:
Ծառերից բացի, Ներսես Մելիքյանը «Իմ այգին» անունով մի կտավ էլ ունի, ու հիմա աշխատում է մի շարքի վրա, ինչը «այգու» հղացքի բանաստեղծական իրագործությունն է: Եվ շատ հավանական է, որ «Ծառեր» շարքի մասին ավելի տեղին կլիներ, եթե ասեինք «այգի», քան «շարք» կամ «ծառեր», քանզի ծառերը, երբ հաղթահարւմ են իրենց մենությունը, դառնում են այգի կամ անտառ, ինչպես մարդիկ են իրենց մենությունը հաղթահարելով՝ դառնում ազգ կամ հասարակություն:
Ներսեսն իր կտավներով մի երևակայական շքեղ «այգի» է ստեղծում: Այս «այգին» իր հոգատար ու տաղանդավոր խնամողն ունի, ու այս այգին աճում և հարստանում է, իր պոեզիայով հարստացնելով նաև մեզ:
Վարդան Ջալոյան